Թեհրանի և Քարաջի վրա հարձակումների մեծ մասը իրականացվել է Կասպից ծովի կողմից՝ Ադրբեջանի տարածքով անցնելուց հետո՝ հաղորդում է «Colonelcassad» տելեգրամյան ալիքը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնապես հերքել է Բաքվի մասնակցությունը այս հարձակումներին:               
 

Ռուբեն Սևակի անվան թանգարան

Ռուբեն Սևակի անվան թանգարան
11.09.2013 | 11:53

«Ես իրապաշտ եմ, ամեն իրականութենե վեր մեկ իրականություն մը կճանչնամ՝ ապրված, զգացված կյանքը և ոչ թե երևակայված կյանքը»:

Ռուբեն Սևակ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում բացվել է Ռուբեն Սևակի անվան թանգարան: Ղազարապատ կոչված պատմական շենքում տեղակայված թանգարանում, որ հիմնանորոգվել է ֆրանսահայ Հովհաննես Չիլինկիրյանի բարերարությամբ, ցուցադրվելու են Մայր Աթոռին նրա նվիրաբերած բացառիկ և արժեքավոր շուրջ 200 կտավներ, ինչպես նաև` նշանավոր նահատակ բանաստեղծ, արձակագիր և բժիշկ Ռուբեն Սևակին պատկանող ածխանկարներ, անձնական իրեր ու փաստաթղթեր, պատմական սրբազան ցուցանմուշներ և հայ արվեստի արժեքավոր գործեր:
Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոսքոմ նշել է, որ թանգարանի հիմնումը հարգանքի տուրք և խոնարհում է ինչպես Ռուբեն Սևակին, այնպես և Գրիգոր Զոհրապին, Սիամանթոյին, Վարուժանին, Կոմիտասին, մեր մյուս մեծերին, մեկ և կես միլիոն մեր անմեղ զոհերին, ովքեր չուրացան իրենց հավատքն ու հայրենիքը և ընդունեցին նահատակության պսակը: «Թանգարանը նվիրվում է Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի ոգեկոչմանը և ունի առանձնահատուկ նշանակություն,- ասել է վեհափառը:- Այն այցելուների միջոցով վերածվելու է ղողանջող անլռելի զանգակատան, որի ձայնը լսելի պիտի լինի աշխարհում` նպաստելով Ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված ջանքերին»:

Հավելենք, որ բանաստեղծի եղբորորդի Հովհաննես Չիլինկիրյանի հովանավորությամբ Ռուբեն Սևակի հիշատակի տուն է հիմնադրվել Ֆրանսիայի Նիս քաղաքում:

Երևանում Ռուբեն Սևակի անունով կոչվել են փողոց և դպրոց, որի առջև դրվել է նրա կիսանդրին:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 6656

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ